Շահութահարկով հարկման բազայի որոշման վերաբերյալ N 136

Շահութահարկով հարկման բազայի որոշման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
05.02.2021, N 136

Հարց
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը 2019 թ.-ի ընթացքում ֆիզիկական անձին վարձակալական վճարների մասով ուներ պարտք, որը ֆիզիկական անձը համաձայնագրով ներել է ընկերությանը 2019թ.-ի ընթացքում: Ընկերությունը 2019 թ.-ին այդ վարձակալական վճարները ծախսագրել է եւ ճանաչել եկամուտ համաձայն ՀՕ հոդված 109-ի 6-րդ մասի: Տվյալ դեպքում արդյո՞ք ընկերությունը, որը 2019 թ.-ի վարձակալական վճարները ծախսագրելով եւ նաեւ եկամուտ ճանաչելով, պետք է կիրառի ՀՕ 150-րդ հոդվածի 14-րդ կետի դրույթները եւ 2020 թ.-ի դեկտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվարկում ներառի եւ հարկի այդ վարձակալական վճարները: Արդյո՞ք ընկերությունը, որը մի դեպքում 2019 թ.-ին ծախսագրել, բայց եկամուտ չի ճանաչել, քանի որ պարտավորության ներումն ըստ համաձայնագրի տեղի է ունեցել 2020 թ.-ին եւ հետեւաբար պետք է 2019 թ.-ին ծախսագրված, բայց ներված պարտավորության գումարը 2020 թ.-ի շահութահարկում ներառի այլ եկամուտների մեջ, պե՞տք է արդյոք այս դեպքում ընկերությունը կիրառի ՀՕ հոդված 150-ի 14-րդ կետի դրույթները, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի` 150-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի` շահութահարկով հարկման բազան որոշելիս հարկային տարվա ընթացքում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող պասիվ եկամուտները համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում այդ եկամուտները չվճարվելու դեպքում դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով եւ ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթը կիրառվում է նույն մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (վճարման ենթակա) պասիվ եկամուտների մասով: Հետեւաբար, գրությամբ նկարագրված դեպքում, վարձավճարի գծով պարտավորությունը ներելու պարագայում, օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթները կիրառելի չեն:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաեւ` կողմերի միջեւ փաստացի առաջացած (առկա) պարտավորությունների` ամբողջությամբ կամ մասնակի զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ հարկային արտոնությունների եւ վճարների գծով տրվող արտոնությունների գումարների:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ