Կազմակերպության կողմից աշխատողներին տրամադրվող օգնության վերաբերյալ N 161

Կազմակերպության կողմից աշխատողներին տրամադրվող օգնության վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20.02.2021, N 161

Հարց
“Ա” կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը հանդիսանում է ՀՀ-ում հաշվառված ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատություն: Մասնաճյուղը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դրամական օգնություն է ցուցաբերում իր այն աշխատողներին, որոնք իրենց խնամքի տակ ունեն նախադպրոցական հասակի երեխաներ եւ թոշակային տարիքի ծնողներ: Արդյո՞ք մասնաճյուղի կողմից իր աշխատողներին տրված օգնությունը հանդիսանում է եկամտային հարկով հարկման օբյեկտ:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 143-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համախառն եկամտի եւ օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,
– 147-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված` ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման եւ համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական եւ բնամթերային (ոչ դրամական) ձեւով եկամուտները` օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված չափերի սահմաններում,
– 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման եւ համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում` այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը,
– 150-րդ հոդվածի 13-րդ մասի երկրորդ պարբերությանը համապատասխան` օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման եւ համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական եւ բնամթերային (ոչ դրամական) ձեւով եկամուտների` օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափերը գերազանցող գումարների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է նույն մասով սահմանված դրույքաչափով եւ ներառվում է հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում, իսկ հարկային գործակալի լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) դեպքում` լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) օրը ներառող ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:
Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ գրությամբ նշված դեպքում, ֆիզիկական անձանց տրամադրվող օգնության` օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարները համարվում են նվազեցվող եկամուտներ եւ եկամտային հարկով հարկման ենթակա չեն:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ