ՀՀ տարածքում արտարժությունով տրամադրվող փոխառությունների վերաբերյալ N 162

ՀՀ տարածքում արտարժությունով տրամադրվող փոխառությունների վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20.02.2021, N 162

Հարց
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ տարածքում մեկ այլ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի ցանկանում է արտարժույթով տրամադրել փոխառություն: Տվյալ դեպքում հնարավո՞ր է փոխառությունը տրամադրել արտարժույթով:

Պատասխան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միեւնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի եւ նույն տեսակի ու որակի գույք:
“Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին” ՀՀ օրենքի`
– 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է ՀՀ-ում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման եւ օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաեւ կարգավորում է ՀՀ-ում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ,
– 3-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` նույն օրենքի իմաստով եւ նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով` սպառողական փոխառությունը կամ սպառողական վարկը “Վարկային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքով սահմանված սպառողական փոխառությունը կամ սպառողական վարկն է,
– 7-րդ հոդվածի 5.1-ին մասի համաձայն` ՀՀ տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ տարածքում փոխառությունները (բացառությամբ` սպառողական փոխառությունների) կարող են տրամադրվել արտարժույթով:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ