Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ N 146

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
12.02.2021, N 146

Հարց
Սույն թվականի փետրվարի 1-ին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կատարվել է կազմակերպության հիմնադիրների կազմի փոփոխություն, եւ նոր հիմնադիրներից ոչ ոք չունի քսան եւ ավելի տոկոս բաժնեմաս այլ կազմակերպությունում, որի արդյունքում ընկերությունը բավարարում է շրջանառության հարկ վճարող համարվելու պահանջներին` չի խախտվում հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածը:
Արդյո՞ք կազմակերպությունը կարող է ներկայացնել հայտարարություն եւ 2021 թվականին համարվել շրջանառության հարկ վճարող:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի)` նույն մասով սահմանված դեպքերում եւ ժամկետներում: Մասնավորապես, ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչեւ տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ՄԱՀ վճարող համարվելու դեպքի) համարվում են շրջանառության հարկ վճարողներ` մինչեւ տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմնի հաստատած ձեւով հարկային մարմին` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում:
Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված են շրջանառության հարկ վճարող չհամարվելու դեպքերը: Մասնավորապես, նույն մասի 5-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները եւ (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն եւ հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող, եթե բավարարելով շրջանառության հարկ վճարող համարվելու համար օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված բոլոր պայմաններին` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնի շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ