Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով հաշվարկած շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի վերաբերյալ N 147

Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով հաշվարկած շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
12.02.2021, N 147

Հարց
Հանրային սննդի ոլորտում շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունը խոհանոցի եւ ռեստորանի սպասարկման սրահի համար, իր գործունեության ընթացքում հաշվարկային եւ հարկային հաշիվներով ձեռք է բերում սպասք: Ապրանքի ձեռքբերման գինը հատի մասով չի գերազանցում հիսուն հազար դրամը:
Արդյո՞ք սպասքի ձեռքբերման ծախսը շրջանառության հարկի գումարից 3 տոկոս գումարի չափով նվազեցվող ծախս է:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է նույն մասում նշված դրույքաչափերով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դրույթները, մասնավորապես նույն մասի 8-րդ տողի համաձայն` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 6% դրույքաչափով,
– 258-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի մասով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ եւ ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաեւ խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում` դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե նույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Նույն մասի կիրառության իմաստով` ծախսերի մեջ ներառվում են նաեւ ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարները,
– 4-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն` հիմնական միջոցը հաշվապահական հաշվառման համապատասխան միջազգային ստանդարտներով սահմանված հիմնական միջոցը եւ ներդրումային գույքն է:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա չեն միայն հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ եւ ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաեւ խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն չկապված` խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում` դրանց ձեռքբերման ծախսերը:

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ