Դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման վերաբերյալ N 143

Դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
11.02.2021, N 143

Հարց
Առեւտրային կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը բավարարում են 2021 թ.-ին շրջանառության հարկի հատուկ հարկման համակարգում աշխատելու համար, սակայն երկու տնտեսվարող սուբյեկտներն էլ ցանկանում են աշխատել հարկման ընդհանուր համակարգում` հունվարի 8-ից դուրսգրելով հարկային հաշիվներ` չհամարվելով ՄԱՀ վճարողներ, որի մասով e-invoicing համակարգը յուրաքանչյուր անգամ տալիս է հաղորդագրություն` առկա խնդրի մասով, եւ դուրսգրված հարկային հաշիվներում ԱԱՀ վճարողի մասով “ՀՎՀՀ/1-ը” բացակայում է: ԱՁ-ն մինչեւ փետրվարի 20-ը ներառյալ չի ներկայացնում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, իսկ կազմակերպությունը հայտարարությունը ներկայացնում է հունվարի 26-ին: Տվյալ դեպքում առաջանում են հետեւյալ հարցերը.
1. Արդյո՞ք կազմակերպության կողմից հունվարի 08-ից մինչեւ դիմումը ներկայացնելու օրը ընդգրկող ժամանակահատվածում դուրսգրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման գնորդների կողմից, հաշվի առնելով, որ դիմումի համաձայն կազմակերպությունը ԱԱՀ վճարող համարվել է հունվարի 06-ից:
2. Հունվարի 01-ից հունվարի 05-ը ընկած ժամանակահատվածում ո՞ր հարկման ռեժիմում է գտնվում կազմակերպությունը:
3. Արդյո՞ք ԱՁ-ի կողմից մինչեւ փետրվարի 20-ը եւ դրանից հետո դուրսգրված հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման գնորդների կողմից, հաշվի առնելով, որ ըստ էության, ԱՁ-ն հնարավորություն ունենալով աշխատել որպես շրջանառության հարկ վճարող, բայց այդպիսին համարվելու դիմումը սահմանված ժամկետում չհանձնելու պատճառով համարվում է ԱԱՀ վճարող հունվարի 01-ից:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան, ԱԱՀ վճարողներ են համարվում հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը հարկային տարվա հունվարի 1-ից մինչեւ տվյալ հարկային տարվա ավարտը, ովքեր օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չեն ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող համարվելու եւ հարկային մարմնի հաստատած ձեւով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն,
– 59-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` օրենսգրքի 14-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարողներ հաշվառվում են կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ նույն մասի 2-րդ կետով սահմանված կազմակերպությունների,
– 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների եւ (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որեւէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն` հարկային հաշվում նշված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները,
– 72-րդ հոդվածով սահմանված են օրենսգրքի 70-րդ եւ 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) կատարելու սահմանափակումները,
– 293-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դեպքերում օրենսգրքի 292-րդ հոդվածին համապատասխան` որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` նույն մասում նշված կետերով սահմանված օրը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.
1) եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ապա օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հարկային տարվա հունվարի 1-ից մինչեւ տվյալ հարկային տարվա ավարտը կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է ԱԱՀ վճարող: Ընդ որում, օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը որպես ԱԱՀ վճարող հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` անկախ հարկ վճարողի կողմից ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած լինելու կամ չլինելու հանգամանքից,
2) հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների եւ (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, եթե ԱԱՀ հաշվանցումներ (պակասեցումներ) կատարելու սահմանափակումներ օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված չեն: Ընդ որում, ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարող համարվողների կողմից ենթակա են հաշվանցման (պակասեցման) ընդհանուր սահմանված կարգով` անկախ այդ հարկային հաշիվներում ԱԱՀ վճարողի հաշվառման համարը լրացված լինելու կամ չլինելու հանգամանքից:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ