Սահմանամեռձ բնակավայրերի վարչական սահմաններում իրականացվող գործունեության հարկման վերաբերյալ N 137

Սահմանամեռձ բնակավայրերի վարչական սահմաններում իրականացվող գործունեության հարկման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
05.02.2021, N 137

Հարց
Անհատ ձեռնարկատերը գործունեություն է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում: Տվյալ դեպքում որպես սահմանամերձ տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարող ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի անհատ ձեռնարկատերը, եւ արդյո՞ք հանդիսանում է դրոշմանիշային վճար վճարող:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 8-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ-ում գործում են հարկման ընդհանուր եւ հատուկ համակարգեր (շրջանառության հարկի, միկրոձեռնարկատիրության): Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում անհատ ձեռնարկատերերը հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով եւ (կամ) շահութահարկով: Շրջանառության հարկի համակարգի շրջանակներում անհատ ձեռնարկատերերը հարկվում են շահութահարկով եւ ԱԱՀ-ին փոխարինող շրջանառության հարկով: Միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են մասնավորապես ԱԱՀ-ով եւ (կամ) շահութահարկով, ինչպես նաեւ շրջանառության հարկով հարկումից:
“Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին” ՀՀ օրենքի`
– 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկում (այնուհետ` Ցանկ) ներառված` մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները,
– 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի իմաստով սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեություն է համարվում Ցանկում ներառված բնակավայրերի վարչական սահմաններում`
1) առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը,
2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը` Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերի վարչական սահմաններում, թե դրանցից դուրս,
3) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, ընդ որում, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը, որը ներառում է նաեւ խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայությունները, մասնավորապես` սպասարկումը, մուտքի թույլտվությունը,
– 3-րդ հոդվածի համաձայն` Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ`
1) այդ բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի), ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող եւ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված շահութահարկից,
2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`
ա. իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից,
բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից,
գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից,
3) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից եւ դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի:
ՀՀ կառավարության 15.01.2015թ. “Մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից” N 30-Ն որոշման հավելվածով հաստատված Ցանկում ներառված է նաեւ Արծվաբերդը:
“Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” ՀՀ օրենքի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում) ՀՀ-ում հաշվառված եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ իրականացվող գործունեության մասով հարկերի հաշվարկման նպատակով` անհատ ձեռնարկատիրոջ հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել օրենսգրքի 4-րդ (Ավելացված արժեքի հարկ) եւ 6-րդ (Շահութահարկ) բաժիններով սահմանված կարգավարումներով, իսկ օրենսգրքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործելու դեպքում` օրենսգրքի համապատասխանաբար 55-րդ կամ 56-րդ գլուխներով սահմանված կարգավորումներով:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ սահմանամերձ բնակավայրերի վարչական սահմաններում` առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառք) իրականացման, արտադրության կազմակերպման եւ (կամ) հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման մասով ստացվող եկամուտները, իրականացվող գործարքներն ազատվում են հարկերից` “Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան:
Տեղեկացնում ենք նաեւ, որ դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում ՀՀ-ում հաշվառված եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը, այդ թվում` սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ