ԵՏՄ Անդամ պետությունից ՀՀ ներմուծված ապրանքները ոչ պատշաճ որակի պատճառով գնորդ կազմակերպության կողմից հետ վերադարձնելու, գնորդ կազմակերպությանը այդ ապրանքները պահատվության հանձնելու և հետագայում ՌԴ մաըր կազմակերպություն հայաստանյան մասնաճյուղին հանձնելու վերաբերյալ N 129

ԵՏՄ Անդամ պետությունից ՀՀ ներմուծված ապրանքները ոչ պատշաճ որակի պատճառով գնորդ կազմակերպության կողմից հետ վերադարձնելու, գնորդ կազմակերպությանը այդ ապրանքները պահատվության հանձնելու և հետագայում ՌԴ մաըր կազմակերպություն հայաստանյան մասնաճյուղին հանձնելու վերաբերյալ
ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
02.02.2021, N 129
Հարց
ՀՀ ռեզիդենտ Ա կազմակերպությունը 2020 թվականի մայիսի 13-ից մինչեւ 2020 թվականի մայիսի 26-ը Ո-Դ-ի Կրասնոյարսկ քաղաքից համաձայն թվով 4 հատ տարանցիկ հայտարարագրերի ՀՀ է ներմուծել ապրանքներ: Ընկերության կողմից վերը նշված արտադրանքի ուսումնասիրմամբ պարզվել է, որ այն չի համապատասխանում անհրաժեշտ որակական չափանիշներին, ինչի մասին տեղեկացվել է մատակարարող ընկերությանը եւ Ա կազմակերպությունը որոշում է կայացրել վերը նշված ապրանքները հետ վերադարձնել մատակարարող ընկերությանը: Սակայն վերջինս առաջարկել է վերը նշված ապրանքները պահատվության հիմունքներով պահպանել Ա կազմակերպությանը պատկանող պահեստում: Այնուհետեւ 2020 թվականի հուլիսի 13-ին կողմերի միջեւ համաձայնությամբ վերը նշված ապրանքները հանձնվել են Ո-Դ ընկերության Հայաստանյան մասնաճյուղին ՀՀ տարածքում:
Արդյո՞ք վերը նշված գործարքի համար Ա կազմակերպությունը պարտավոր է ներմուծման հայտարարություն եւ ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնել հարկային տեսչություն, ինչպես նաեւ վճարել ԵՏՄ երկրներից օրենքով սահմանված ներմուծման համար վճարվող ավելացված արժեքի հարկը:Պատասխան
“Եվրասիական տնտեսական միության մասին” պայմանագրի 72-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ապրանքների փոխադարձ առեւտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում եւ (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաեւ ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով:
“Եվրասիական տնտեսական միության մասին” պայմանագրի անբաժանելի մաս համարվող` “Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման եւ դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին” N 18 հավելվածով սահմանված արձանագրության 13-րդ կետի համաձայն` որեւէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքների առումով անուղղակի հարկերի գանձումը, իրականացվում է այն անդամ պետության հարկ վճարողի կողմից, որի տարածք են ներմուծվել ապրանքները` ըստ ապրանքների սեփականատեր հանդիսացող հարկ վճարողի հաշվառման վայրի: Ընդ որում, ապրանքների սեփականատեր է ճանաչվում այն անձը, որն օժտված է ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքով, կամ որին ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը նախատեսվում է պայմանագրով:
Արձանագրության 23-րդ կետով կարգավորվում են ոչ պատշաճ որակի կամ կոմպլեկտայնության պատճառով ապրանքների վերադարձման հետ կապված հարցերը: Մասնավորապես, նույն կետի 1-ին պարբերության համաձայն` ներմուծված ապրանքները հաշվառման ընդունելու ամսվա մեջ վերադարձնելու դեպքում հարկային հայտարարագրի մեջ այդ ապրանքների ներմուծման գործառնությունների արտացոլում չի կատարվում այն դեպքում, եթե ապրանքների վերադարձն իրականացվել է ոչ պատշաճ որակի եւ (կամ) կոմպլեկտայնության պատճառով: Նույն կետի 2-րդ պարբերության համաձայն` ոչ պատշաճ որակի եւ (կամ) կոմպլեկտայնության պատճառով ապրանքների վերադարձը պետք է հաստատվի պայմանագրի մասնակիցների համաձայնեցված պահանջներով, ինչպես նաեւ այն փաստաթղթերով, որոնք համապատասխանում են այդպիսի ապրանքների հետ հետագա գործառնություններ կատարելուն: Այդպիսի փաստաթղթերի շարքին են դասվում ապրանքների ընդունման-հանձնման ակտերը (վերադարձրած ապրանքի տրանսպորտային փոխադրման բացակայության դեպքում), տրանսպորտային (ապրանքներն ուղեկցող) փաստաթղթերը (վերադարձրած ապրանքի տրանսպորտային փոխադրման դեպքում), ոչնչացման ակտերը կամ այլ փաստաթղթեր:
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 77-րդ հոդվածով սահմանված են ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը եւ դրանց ներկայացման ժամկետները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչեւ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն),
– 78-րդ հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների ՀՀ պետական բյուջե վճարման ժամկետները: Մասնավորապես, նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ նույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված դեպքերի:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե գրությամբ նկարագրված դեպքում գնորդ կազմակերպության կողմից ներմուծված ապրանքները որակական հատկանիշների անհամապատասխանության պատճառով հետ են վերադարձվել մատակարարին մինչեւ ՀՀ հարկային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը (ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ) եւ այդ մասով առկա են պայմանագրի կողմերի միջեւ կազմված համապատասխան փաստաթղթեր, ապա գնորդ կազմակերպությունն այդ ապրանքների ներմուծման մասով ներմուծման հարկային հայտարարագիր եւ ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն ներկայացնելու, ինչպես նաեւ ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու պարտավորություն չի կրում:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ