Առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային պարտավորությունների առաջացման և վճարման վերաբերյալ N 176

Առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային պարտավորությունների առաջացման և վճարման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
24.03.2021, N 176

Հարց
ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Հայաստանում սեփականության իրավունքով ունի արտադրական տարածք: Կազմակերպությունը ցանկանում է վերոնշյալ տարածքը օտարել ՀՀ-ում մշտական բնակության վայր ունեցող` ռեզիդենտ քաղաքացու: Տվյալ դեպքում առաջանու՞մ է որեւէ հարկային պարտավորություն, թե` ոչ, եւ եթե այո, ապա ո՞վ է այդ պարտավորություն կրողը:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 4-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի համաձայն` ակտիվի արժեքի հավելաճը օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն, ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ակտիվի իրացման գնի եւ հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունն է,
– 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ-ում իրականացված ապրանքի մատակարարման գծով օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության փոխարեն` որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները,
– 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող,
– 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` շահութահարկ վճարողներ են համարվում, մասնավորապես, ոչ ռեզիդենտ կազմակերպությունները,
– 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաեւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող եւ (կամ) մշտական հաստատության միջոցով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար` ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող եւ (կամ) մշտական հաստատության միջոցով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց` ՀՀ աղբյուրներից ստացվող անձնական եկամուտների,
– 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման բազա են համարվում` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող եւ (կամ) առանց մշտական հաստատության ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների (այնուհետ` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար` օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը,
– 107-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության նպատակով պասիվ եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե` ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի ակտիվների (բացառությամբ բաժնետոմսերի եւ ներդրում վկայող այլ արժեթղթերի) արժեքի հավելաճը ստացվում է ՀՀ տարածքում գտնվող ակտիվների օտարումից (բացառությամբ այն դեպքերի, երբ ակտիվների արժեքի հավելաճը մշտական հաստատության ձեռնարկատիրական գործունեության արդյունք է), իսկ բաժնետոմսերի եւ ներդրում վկայող այլ արժեթղթերի պարագայում` եթե արժեքի հավելաճը ստացվում է ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսերի կամ այդ կազմակերպության թողարկած` ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից:
Նույն կետի “բ” եւ “գ” ենթակետերի համաձայն` ակտիվների ձեռքբերման փաստը հաստատող հաշվարկային փաստաթղթերի առկայության դեպքում ակտիվների սկզբնական արժեքը որոշվում է` հաշվի առնելով վերջիններիս ձեռքբերմանը, տեղափոխմանը եւ (կամ) տեղակայմանը վերաբերող հաշվարկային փաստաթղթերում նշված արժեքը, իսկ մաշվածության կամ ամորտիզացիայի ենթակա ակտիվների օտարման դեպքում ակտիվների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճը հաշվարկվում է` հաշվի առնելով օտարման պահին դրանց հաշվեկշռային արժեքը, որի համար հիմք է հանդիսանում օտարողի տված փաստաթուղթը:
Նույն կետի “զ” ենթակետի համաձայն` ոչ ռեզիդենտի կողմից օտարվող ակտիվների մասով նույն կետի “ա”, “բ” եւ “գ” ենթակետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում ակտիվների արժեքի հավելաճ է համարվում ոչ ռեզիդենտի կողմից օտարվող ակտիվների ամբողջ արժեքը,
– 125-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է նույն մասում նշված դրույքաչափերով, մասնավորապես, պասիվ եկամուտների մասով` տասը տոկոս, բացառությամբ նույն մասի 3.1-ին եւ 4-րդ կետերով սահմանված դեպքերի,
– 130-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ինչպես նաեւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները` մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների մասով, պետական բյուջե են վճարում հարկային գործակալ չհամարվողների կողմից ստացված եկամուտների գծով ձեւավորվող հարկման բազայի նկատմամբ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարները,
– 134-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնի` Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում են ներկայացնում շահութահարկի հաշվարկներ,
– 136-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ինչպես նաեւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները` մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների գծով ձեւավորվող հարկման բազայի մասով օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչեւ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ԱԱՀ հաշվարկում եւ վճարում է միայն օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում:
Միաժամանակ, հայտնում ենք, որ առանց մշտական հաստատության ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, հարկային գործակալի բացակայության դեպքում, օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին համապատասխան հաշվարկված արտադրական տարածքի օտարումից արժեքի հավելաճի նկատմամբ 10% դրույքաչափով հաշվարկում եւ վճարում է շահութահարկը մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ: Ընդ որում` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող եւ (կամ) եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկի ձեւը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի 12.12.2018թ. N 749-Ն հրամանի 4-րդ հավելվածով:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ