Հավի ձուն գյուղատնտեսական արտադրանք համարվելու և դրա իրացումից ստացվող եկամուտը շահութահարկի վճարումից ազատվելու վերաբերյալ N 132

Հավի ձուն գյուղատնտեսական արտադրանք համարվելու և դրա իրացումից ստացվող եկամուտը շահութահարկի վճարումից ազատվելու վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
03.02.2021, N 132

Հարց
Ա կազմակերպությունը իրականացնում է թռչնաբուծության գործունեություն, մասնավորապես` հավի ձվի արտադրություն եւ իրացում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ. սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավի ձուն դասակարգվում է որպես գյուղատնտեսական արտադրանք 01.47.21 դասակարգչով: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 126 հոդվածի մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաեւ այլ ակտիվների իրացումից ստացվող եւ այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող եւ այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող արտադրանքը, այդ թվում թռչնաբուծության արտադրանքը:
Հաշվի առնելով վերոգրյալը արդյո՞ք հավի ձուն համարվում է գյուղատնտեսական արտադրանք եւ Ա կազմակերպությունը ազատվում է շահութահարկի վճարումից: Հարկ է նշել նաեւ, որ այլ ակտիվների իրացումից ստացվող եւ այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` քաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության եւ այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,
– 39-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով աշխատանքների կամ ծառայությունների բնորոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան,
– 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաեւ այլ ակտիվների իրացումից ստացվող եւ այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող եւ այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող եւ այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում նույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Նույն մասի կիրառության իմաստով` գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես` թռչնաբուծության արտադրանքը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանով հաստատված “Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի” 01.47.0 “Ընտանի թռչունների բուծում” ենթադասի համաձայն` այդ ենթադասը ներառում է ձվի արտադրությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ձվի արտադրությունը համարվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, հետեւաբար` ձվի իրացումից ստացվող եկամուտների նկատմամբ կիրառելի է ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ