Շրջանառության հարկով հարկման բազայի որոշման N 138

Շրջանառության հարկով հարկման բազայի որոշման

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
05.02.2021, N 138

Հարց
Շրջանառության հարկ վճարող ընկերությունը վարձակալությամբ տարածքներ է տրամադրում: Վարձակալված տարածքների համար առկա են անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր` նոտարական վավերացմամբ եւ/կամ կադաստրով: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` վարձատուի եւ վարձակալի միջեւ ձեռքբերված փոխադարձ համաձայնությամբ (համաձայնագրերը չունեն նոտարական վավերացում) 2020 թ.-ի ընթացքում որոշ վարձակալության պայմանագրեր ժամանակավոր դադարեցվել են (այդ ամիսների համար վարձատուի կողմից հաշիվ վավերագիր չի ներկայացվել, վարձակալի կողմից տարածքը չի օգտագործվել եւ վճարում չի կտարվել) եւ/կամ պայմանագրով սահմանված վարձավճարը նվազել է, ինչին համապատասխան ներկայացվել են հաշիվ վավերագրեր եւ դրանց հիման վրա կատարվել են վճարումներ: Տվյալ դեպքում շրջանառության հարկով հարկման բազայի որոշման նպատակով հիմք ո՞ր գումարը պետք է ընդունվի:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի “ա” ենթակետին համապատասխան` հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով, եթե օրենսգրքով չի նախատեսվում, որ հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկը կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով: Օրենսգրքի կիրառության իմաստով հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների եւ ծախսերի հաշվառումն իրականացնում է` ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից,
– 256-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը եւ (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ “Պետական տուրքի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը եւ (կամ) ծառայությունների մատուցումը: Նույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաեւ ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաեւ այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս եւ (կամ) ռոյալթի,
– 257-րդ հոդվածի 1-2-րդ մասերին համապատասխան` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով,
– 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով` շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի եւ փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը` որպես ներված պարտավորություն, սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտների միջեւ կնքվող պայմանագրերի պայմանների, դրանց կնքման, փոփոխման (այդ թվում` գնի փոփոխման) եւ լուծման հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28-30-րդ գլուխներով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե տեղի է ունենում շենքի վարձակալության գործարքի պայմանագրային գնի (արժեքի) փոփոխություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան, ապա շրջանառության հարկով հարկման բազայի որոշման նպատակով հիմք է ընդունվում պայմանագրի փոփոխված գինը:
Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ շրջանառության հարկ վճարողի կողմից շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամտի (իրացման շրջանառության) որոշման մասով կիրառելի է օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգավորումները:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ