Հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի հաշվանցման վերաբերյալ N 139

Հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի հաշվանցման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
05.02.2021, N 139

Հարց
“Ա” կազմակերպությունը 01.05.2020 թ.-ին ստացել է հարկային հաշիվ “Բ” կազմակերպության կողմից ապրանքների մատակարարման համար, որը “Ա” կազմակերպության կողմից էլեկտրոնային ստորագրմամբ հաստատվել է մինչեւ 2020 թ.-ի հունիսի 20-ը: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն “Ա” կազմակերպությունը 2020 թ.-ի մայիս ամսվա ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով կատարել է վերը նշված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցում: Այնուհետեւ “Բ” կազմակերպությունը տվյալ հարկային հաշիվը 01.12.2020 թ.-ին չեղյալ է ճանաչել եւ դրա փոխարեն 01.12.2020 թ.-ին դուրս է գրել նոր հարկային հաշիվ մատակարարման օրը նշելով 01.05.2020թ. (լրացուցիչ տվյալներ դաշտում նշվել է, որ այդ հարկային հաշիվը դուրս է գրվել 01.05.2020թ.-ի դուրս գրված հաշվի փոխարեն) եւ որը “Ա” կազմակերպության կողմից էլեկտրոնային ստորագրմամբ հաստատվել է 01.12.2020 թ.-ին: Տվյալ դեպքում “Ա” կազմակերպությունը իրավունք ունի 2020 թ-ի մայիս ամսվա ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով կատարել վերը նշված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցում (պակասեցում):

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 56-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված են ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման եւ (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող եւ (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախաձեռնությամբ տեղարկվելու դեպքերը: Նույն մասով սահմանված է նաեւ, որ տեղարկված հաշվարկային փաստաթուղթը դրա կողմերի համար օրենսգրքով սահմանված իրավական հետեւանքներ, այդ թվում` իրավունքներ եւ պարտականություններ, չի առաջացնում,
– 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ԱԱՀ վճարողները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում են հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների, աշխատանք կատարողների եւ ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվները,
71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների եւ (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որեւէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն` հարկային հաշվում նշված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են`
ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման եւ (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող` մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի եւ (կամ) ծառայությունը ստացողի կողմից օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվել է մինչեւ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
բ. համապատասխան գործարքին վերաբերող` մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի եւ (կամ) ծառայությունը ստացողի կողմից օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչեւ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան հարկային հաշիվը չեղարկվելու եւ դրա փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրվելու դեպքում նոր հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով, իսկ չեղյալ ճանաչված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի հաշվանցման (պակասեցման) մասով սահմանված կարգով պետք է կատարվեն ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկների ճշտումներ:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ